Երևանի ու Ակտաուի միջև չվերթերը վերսկսվում են

Թռիչքների ժամանակացույցում որևէ փոփոխություն առայժմ նախատեսված չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ղազախստանի միջև վերսկսվում են ուղիղ չվերթերը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներով՝ Ակտաու-Երևան-Ակտաու թռիչքի չեղարկումից հետո առաջին չվերթը տեղի կունենա այսօր` ժամը 19:10-ին:
SCAT ավիաընկերությունն այդ ուղղությամբ թռիչքները դադարեցրել էր ղազախստանյան իրադարձությունների պատճառով։
Ղազախական ավիաընկերության ներկայացուցիչ Օքսանա Սվիստունը Sputnik Արմենիային հայտնեց, որ ինքնաթիռը Երևանում վայրէջք կկատարի նշանակված ժամին` 18։20։
Նրա խոսքով՝ թռիչքների ժամանակացույցում որևէ փոփոխություն նախատեսված չէ:
Հունվարի 9-ին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ղազախստանի 6 քաղաքացի մնացել են Հայաստանում Երևան-Ակտաու-Երևան ժամանակավորապես չեղարկված չվերթների պատճառով։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։