ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության» դատական նիստում ՀՀ–ի անունից հանդես եկող փաստաբանի լիազորագիրն ակնհայտ կոպիտ խախտումով է տրված եղել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Լիազորագիրը տրվել էր ՀՀ վարչապետի կողմից։ Թեև նա իրավունք ունի ՀՀ–ի անունից հանդես գալ, այդ թվում լիազորագիր տալ որևէ անձի, սակայն տվյալ դեպքում վարչապետը լիազորել էր հանդես գալ ոչ թե Հայաստանի անունից, այլ հենց իր։ Այս դատավարությունում պատասխանող կողմը վարչապետը չէր, այլ Հայաստանի Հանրապետությունը»,– նշեց Ալումյանը։
Նրա խոսքով` մյուս կողմի փաստաբանի ու դատավորի համատեղ ջանքերով փորձել են այդ իրավիճակը տեղավորել օրենքի մեջ։ Փաստաբանը շեշտեց, որ իր գնահատմամբ` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը հայտարարել է մի աբսուրդային բան` իբր երբ ՀՀ–ին ներգրավել են որպես պատասխանող կողմ, պետք է նշեին, թե որ մարմինը պետք է դատարան գա։
«Այսպիսով` դատավորը գնաց ամեն քայլի, որպեսզի փորձի արդարացնել լիազորագրի բովանդակությունը։ Եթե դատավորն այն աստիճանի է կաշկանդված վարչապետից, որ ակնհայտ խախտմամբ տրված լիազորագիրն ընդունում է ու աղավաղում օրենքը, ապա նա չի կարող այս գործով օբյեկտիվ և արդար լինել ու այդ նույն անձի դեմ վճիռ կայացնել։ Այս գործով ավելի լուրջ հարց է քննարկվում»,– ասաց Ալումյանը։
Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավորին` Սերգեյ Սահակյանին, քանի որ գործի մակագրումը կատարվել էր ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը 2021 թվականի նոյեմբերի 2-ին մերժվել էր։
«Բացարկ էի ներկայացրել, քանի որ դատավորը որոշվել էր ոչ թե համակարգչային մակագրման համակարգով, այլ դատարանի նախագահի միանձնյա որոշմամբ։ Սա Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված, օրենքի հիման վրա ստեղծված դատարանի սկզբունքի խախտում է»,– նշեց Ալումյանը։
Նա շեշտեց, որ մերժման որոշման մեջ էլ, ըստ էության, ոչինչ ասված չէ բացարկի բուն թեմայի վերաբերյալ, այնտեղ քննարկվում է, թե արդյոք հիմքեր կան կասկածելու իր անաչառությանը։
Փաստաբանն ասաց, որ դատավարությունը շարունակվելու է հունվարի 13-ին` ժամը 11։30-ին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը, չնայած հունվարի 10-ին կայացած նիստի դռնբաց լինելուն, դեմ արտահայտվեց ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նիստի աշխատանքների տեսանկարահանմանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հայցը վերաբերում է 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին։ Ապրիլին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։