ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հյուսիս–արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում փլուզվել է Չինական մեծ պատի` մոտ 2 մետր երկարությամբ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Global Times–ին։
«Փլուզվել է պատի այն հատվածը, որը գտնվում է էպիկենտրոնից 114 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ երկրաշարժից հետո իշխանության ներկայացուցիչները շրջայց են կատարել և հայտնաբերել փլուզված հատվածը, որը թվագրվում է Մին դինաստիայի ժամանակաշրջանով (1368-1644 թվականներ): Մասնագետներն անհրաժեշտ հենարաններ են տեղադրել և սկսել են վերանորոգման-վերականգնողական աշխատանքները։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հունվարի 8-ին: Միևնույն ժամանակ տեղի մասնագետները նշում են, որ մագնիտուդը 6,9 է կազմել։
Երկրաշարժը տեղի է ունեցել քիչ բնակեցված շրջանում, սակայն ցնցումները զգացվել են որոշ խոշոր քաղաքներում: Տուժել է 9 մարդ, նրանցից 8-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: