ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում առողջապահության նախարարության նախաձեռնած կորոնավիրուսային նոր սահմանափակումները բխում են ինչպես քաղաքացիների, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների շահերից։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2022 թվականի հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն:
«Սա այն միջոցառումն է, որը տևական ժամանակ կիրառվում է ԵՄ անդամ երկրներում, ՌԴ–ում ու շատ արդյունավետ է»,–ասաց Աբովյանը։
Նրա խոսքով`նախագիծը մինչև հաստատվելը ներկայացվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին և վերջիններիս կարծիքների հիման վրա լրամշակվել է ու ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն` փորձագիտական եզրակացության։ Դրանից հետո է միայն այն հաստատվել։
Նա օրինակ բերեց հոկտեմբերի 1–ի սահմանափակումները, երբ աշխատակիցների պատվաստումները և ՊՇՌ թեստերը դարձան պարտադիր։
«Պատվաստվածների թիվն է ավելացել, թեստ հանձնողների մեջ եղել են 1000–ից ավելի վարակվածներ, որոնք առանց որևէ սիմպտոմների իմացել են հիվանդության մասին, կարղանալով ավելի շուտ դիմել բժշկի և չբարդացնել հիվանդության կլինիկական ընթացքը»,–ասաց Աբովյանը։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։