ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բայկոնուրում խաղաղապահների մշտական տեղակայման հարց չի բարձրացվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ մասին այժմ խոսք չկա», – պատասխանելով համապատասխան հարցին` ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները անսպասելի էին ՀԱՊԿ բոլոր երկրների համար, սակայն համակարգումն ու դաշնակցային հարաբերությունները հնարավորություն ընձեռեցին ժամանակին արձագանքել դրանց։
Ավելի վաղ Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, որոնց առջև խնդիր է դրված պահպանելու մի շարք ռազմավարական օբյեկտներ, ներգրավված կլինեն երկրի ոչ բոլոր շրջաններում։ Նա նաև ընդգծել է, որ իրավիճակի կայունացումից հետո ողջ խաղաղապահ անձնակազմը դուրս կբերվի։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։