«Ասացին` լավ ես ապրում, շուբա ես հագնում». «Նորք» ինֆեկցիոնի 80 աշխատակցի գործից հանել են

«Նորք» ԲԿ. Արխիվային լուսանկար
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են անում` պահանջելով հիմնավորել, թե ինչու են իրենց հանել աշխատանքից։ Նրանք նշում են, որ որևէ մեկի աշխատանքային թերացման մասին չեն խոսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները հիվանդանոցի առջև բողոքի ակցիա են անում։ Նրանք հայտնում են, որ հիվանդանոցի 80 աշխատակցի առանց որևէ լուրջ պատճառաբանության ազատել են աշխատանքից։ Այս աշխատակիցների կողքին են նաև հիվանդանոցի այն աշխատակիցները, որոնց աշխատանքից ազատում չի սպառնում։
Հիվանդանոցում 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լեյլի Հովհաննիսյանը պատմեց` դեկտեմբերի 30-ին ժողով են արել և իրենց հայտնել` աշխատանքից ազատում են և մինչև հունվարի 15-ն իրավունք ունեն աշխատելու։ Փոխտնօրենը և իրավաբանը դիմում են տվել աշխատակիցներին, որտեղ նշված է, թե վերջիններս սեփական դիմումի համաձայն են ազատվում աշխատանքից։

«Իրավաբանն ասաց` դիմումը գրեք, թե ոչ, միևնույն է` արդեն իսկ ազատված եք աշխատանքից։ Ինձ ասացին, որ ես լավ եմ ապրում, դրա համար են հանում, մյուսին` դուք բնական շուբա եք հագնում, հաջորդին` մեքենա ունեք։ Որևէ մեկին չեն ասել, թե աշխատանքային թերացում ունի։ Անցած տարի փետրվարին մեզ ստիպեցին ստորագրել, որ իբրև թե կորոնավիրուսով վարակվածների հետ չենք աշխատել, որպեսզի ցածր վարձատրվենք` ես 40 կորոնավիրուսով վարակվածի հետ եմ աշխատել»,–ասաց տիկին Հովհաննիսյանը։

Աշխատակիցները նշում են` վաղուց խոսակցություններ կային, որ ինֆեկցիոնը փակվելու է վերանորոգման համար, սակայն խոստացել էին աշխատակիցներին այլ տեղերում աշխատանքի դասավորել։ Բացի այդ, կան խոսակցություններ, որ տարածքը վաճառելու են։
«Ուզում եմ դիմել առողջապահության նախարարին` էդ ո՞ւմ են հավելավճարներ տալիս, եթե ոչ ծանրաբեռնված բժիշկներին։ Թե մենակ Ալե՞նն է ստանում հավելավճար, կամ որտե՞ղ են աշխատավարձերը բարձրացնում, թող ասեն` գնանք, այնտեղ աշխատենք»,–ասաց աշխատողներից մեկը։
Անօթևանները Փաշինյանից և նախարարից պահանջում են իրենց կողքին լինել. բողոքի ակցիա Երևանում
Հիվանդանոցի աշխատակիցները նշում են, որ հրաժարվել են անգամ իրենց վերջնահաշվարկ տալ։ Նրանց ասել են, որ առողջապահության նախարարությունն է տրամադրել ցուցակներ, թե ում պետք է աշխատանքից ազատեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են` գնալու են մինչև վերջ, իրենց իրավունքների համար պայքարելու են և դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանին։
Բողոքի ակցիան շարունակվում է։