Թաթոյանը խոսել է Ղազախստանի իր գործընկերոջ հետ. Ազիմովան պատրաստ է աջակցություն ցուցաբերել

Հայաստանի ՄԻՊ–ը նախորդ մի քանի օրերի ընթացքում անընդհատ կապի մեջ է եղել Էլվիրա Ազիմովայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ղազախստանում ապրող հայերի հետ կապված հարցերը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի անմիջական ուշադրության ներքո են։ Ազիմովան այս մասին վստահեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը Facebook–ի իր էջում։ Թաթոյանի խոսքով` Ազիմովան պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ ցանկացած դեպքում։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ղազախստանում հայ խաղաղապահների հարցով նիստ հրավիրել
Նշվում է, որ Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս կապի մեջ է եղել Ղազախստանի իր գործընկերոջ հետ։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար»,–նշել է Թաթոյանը։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։