ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` տուժածներ չկան։
«Իրավապահները հիմա մեկնում են դեպքի վայր»,–ասաց նա։
Նրա խոսքով` ադրբեջանական կրակոցների հետևանքով հրդեհվել է գյուղի բնակիչներից մեկի ավտոմեքենան, որ կայանված է եղել մանկապարտեզի մոտ։
«Ապառաժի» տվյալներով` հրդեհված մեքենան «ՈւԱԶ» մակնիշի էր, այն պատկանում էր Կարմիր շուկայի բնակիչ Հարմիկ Քոչարյանին։ Կայքի հետ զրույցում Քոչարյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 14:30-ին: Նրա տունը գտնվում է ադրբեջանցիների դիրքերից 500-600 մետր հեռավորության վրա և հաճախ է կրակոցների թիրախ դառնում: Այսօրվա կրակոցների ժամանակ տանն այդ պահին երկու անչափահաս երեխաներ են եղել:
Միջադեպի մասին տեղեկություն է հաղորդել նար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ»,–ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նաև հերքել են ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը, համաձայն որի ՊԲ-ի ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 8–ին էլ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։