ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի հունվարի 10-ին նախատեսված ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, պատրաստվում ենք երկուշաբթի»,-պատասխանել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը հաստատում է ՌԴ նախագահի մասնակցությունը ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովին՝ հունվարի 10-ին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը, նախնական տվյալներով, տեղի կունենա հունվարի 10-ին` տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստում քննարկվելու է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Այս պահին հայտնի չէ տեսակոնֆերանսի անցկացման ժամը։
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահ, կազմակերպում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։