ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն արդեն ձեռնամուխ են եղել առաջադրված խնդիրների կատարմանը։ Նրանց պահպանության տակ են վերցվել կարևոր պետական, ռազմական և ռազմավարական օբյեկտները։
Այդ մասին հայտնի է դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հեռախոսազրույցից հետո։ Ինչպես հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը։
Նշվել է, որ ՀԱՊԿ-ի ստորաբաժանումները իրանց առաքելությունը կկատարեն մինչև երկրում իրադրության լիակատար կայունացումը։ Սերդյուկովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին խաղաղապահ զորակազմի տեղակայման և ապահովման հարցերի օպերատիվ լուծման համար:
Հիշեցնենք` երկրում բողոքի ակցիաների ֆոնին ռազմական օգնության մասին խնդրել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան, դրանց կազմում ընդգրկված են զինծառայողներ Ղրղզստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Տաջիկստանից: