ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախատեսված է հունվարի 10-ին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը, նախնական տվյալներով, նախատեսված է հունվարի 10-ին։ Այս մասին Spuntik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ թեման լինելու է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահ, կազմակերպում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության ծանրությունը ՌԴ-ի ուսերին է․ինչո՞վ կարող է օգնել Հայաստանը
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Պուտինին առաջարկել էր Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ ղեկավարների քննարկումները անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։