ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Նշվում է, որ նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Միջոցառման ընթացքում քննարկվելու են Ղազախստանում տիրող իրավիճակը և դրա կարգավորման հարցերը:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստը, նախնական տվյալներով, տեղի կունենա հունվարի 10-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Ներկա պահին անհայտ է, թե երբ է տեղակոնֆերանսը կայանալու։
Հունվարի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Հայաստանը` որպես ՀԱՊԿ նախագահ, կազմակերպում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ։ Հիվանդանոցներում 719 մարդ կա, ծանր վիճակում են 83-ը, իսկ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 2265 մարդ, այդ թվում Ալմաթիի մարզում՝ 1100։
Հունվարի 10-ին երկրում սգո օր է հայտարարված։