Ղազախստանում անկարգությունների հետևանքների վերացման հարցերով հանձնաժողով կստեղծվի

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է առանձին տարածաշրջաններում կառավարական հանձնաժողով ստեղծել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Հանձնաժողովը կզբաղվի անկարգությունների արդյունքում հասցված վնասի գնահատման և դրանց վերացման հարցերով։
«Անհրաժեշտ է օպերատիվ կերպով ձեռնամուխ լինել Ալմաթիում և այլ շրջաններում վարչական շենքերի, սոցիալական և կոմունալ օբյեկտների վերականգնման աշխատանքներին»,– նշել է Տոկաևը:
Ղազախստանում օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. առգրավվել է զենք ու զինամթերք
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։