Ղազախստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով տնտեսական կորուստներն անխուսափելի են։ Իրավիճակի կայունացումից հետո տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, հնարավոր է՝ նաև անկումից չհաջողվի խուսափել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
«Մարդկանց մոտ կայունության զգացողություն չի լինի, ներդրումները կպակասեն։ Ղազախստանի տնտեսությունը հավանաբար մի քանի տոկոսանոց տնտեսական կորուստ կունենա»,- ասաց նա։
Ղազախական քաղաքներում տեղի ունեցած բախումները բացասաբար կազդեն նաև ԵԱՏՄ տնտեսության վրա։
Տնտեսագետի խոսքով՝ տարիներ շարունակ Ղազախստանը փորձում էր համագործակցել Մեծ Բրիտանիայի և Արևմտյան երկրների հետ, հիմա արդեն այդ ուղղությունները ոչ ամբողջությամբ, բայց շտկումների կենթարկվեն, և Ռուսաստանի դերը կաճի, իսկ այստեղ արդեն ամեն ինչ կախված է Ռուսաստան-Չինաստան հարաբերություններից։
«Եթե, օրինակ, ազատ առևտրի գոտի ստեղծվի, որի մասին տարիներ շարունակ խոսվում է, դա նշանակում է, որ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների կթևակոխեն նոր փուլ և, եթե Չինաստանը դառնա ԵԱՏՄ անդամ, այդ դեպքում Ղազախստանի դերը շատ կարևոր է դառնում»,- հավելեց Միքայելյանը։
Տնտեսագետը չի բացառում նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։