ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԵՄ-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունը Միության տրանսատլանտյան և այլ գործընկերների հետ համակարգելիս։ Այս մասին իր բլոգում գրառում է կատարել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նվիրված եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ Ռուսաստանի հետ առաջիկա քննարկումներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երկխոսությունն անհրաժեշտ է, բայց նաև վճռական աջակցություն է անհրաժեշտ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք համակարգում ենք մեր մոտեցումը տրանսատլանտյան և այլ գործընկերների հետ»,- գրել է Բորելը։
Նա կարծում է, որ անվտանգության ոլորտում ՌԴ-ՆԱՏՕ երկխոսության շրջանակներում ճգնաժամերի կառավարման վերաբերյալ առաջարկությունները կարող են օգտակար լինել:
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում Ռուսաստանի հետ երկխոսությունը չի ենթադրում ռուսական առաջարկների հավանությունը, բայց դա դիվանագիտական քննարկումների հարթակ կտա՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում մեր շահերը և հաստատելով եվրոպական անվտանգության ու կայունության հիմնարար սկզբունքները։ Օրինակ՝ ճգնաժամերի կառավարման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկները կարող են օգտակար լինել»,- գրել է նա իր բլոգում։
Ընդ որում՝ Բարելը Ռուսաստանին սպառնացել է «հսկայական հետևանքներով», եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվի։
Նշենք, որ 2021–ի վերջին ՌԴ–ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան պահանջում է դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, Ուկրաինայի դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմակայանների ստեղծումից հրաժարվելու երաշխիքներ: