Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ

Ավագանու նիստում հայտարարվեց, որ առաջիկա 2.5 տարին համայնքը ղեկավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ավագանու նիստում րոպեներ առաջ Փարաքարի համայնքապետ ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Մինասյանը։
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 11 անդամ։ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներն էլ, ովքեր 10 մանդատ էին ստացել` նույն նիստի ժամանակ վայր դրեցին իրենց մանդատները ու հեռացան նիստերի դահլիճից։
Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները հանդիպել են. ի՞նչ են քննարկել
«Ցավ եմ ապրում, որ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները մանդատները վայր դրեցին։ Մենք մշտապես փորձել ենք համատեղ աշխատել, որպեսզի հետագայում էլ հարթ լինի ամեն ինչ։ Շնորհակալ եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր ավագանու անդամներին աջակցության համար»,– նշեց Դավիթ Մինասյանը։ Նա ընդգծեց, որ ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը և Փարաքար խոշորացված համայնքի 5 գյուղին։
Ավագանու նիստում հայտարարվեց, որ առաջիկա 2.5 տարին համայնքը ղեկավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն: Դավիթ Մինասյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում հաղթել է «Ապրելու երկիրը», որի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին։
Կտրուկ շրջադարձ Փարաքարում. «Ապրելու երկիր»-ի ավագանու անդամները հրաժարվեցին մանդատներից
2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էին իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։
Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանն էլ դեկտեմբերի 30-ին բավարարել էր պահանջը։