Կյանքիս լույսը որոշեց վերջ տալ երկրային պայքարին. Օ'Քոնորի 17-ամյա որդին ինքնասպան է եղել

Երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը
Հանրահայտ երգչուհին վերջին գրառումն արել է 10 ժամ առաջ` որդու մահից հետո։ Շեյնը տնից հեռացել ու անհետացել էր երկու օր առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իռլանդացի աշխարհահռչակ երգչուհի Շինեյդ Օ'Քոնորի 17-ամյա որդին՝ Շեյնը, ինքնասպան է եղել։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով երգչուհու Twitter-յան գրառումը։
Շեյնը տնից հեռացել ու անհետացել էր երկու օր առաջ այն բանից հետո, երբ Twitter-ի իր էջում գրառում էր արել իր կյանքին վերջ տալու ցանկության մասին։
Հունվարի 6-ին որդու Twitter-յան էջում կատարած գրառմամբ երգչուհին խնդրել էր Շեյնին վերադառնալ։ «Քո բացակայությունն այլևս ծիծաղելի չէ, Շեյն: Դու վախեցնում ես ինձ»,– գրել էր նա` խնդրելով բոլոր նրանց, ովքեր այդ պահին Շեյնի հետ են, դիմել ոստիկանություն՝ նրա անվտանգության համար:
Վերջին գրառումը Շինեյդ Օ'Քոնորը կատարել է 10 ժամ առաջ` արդեն որդու մահից հետո։

«Իմ գեղեցիկ որդին՝ Նևիիմ Նեստա Ալի Շեյն Օ'Քոնորը, իմ կյանքի լույսը, որոշեց այսօր վերջ տալ իր երկրային պայքարին և այժմ Աստծո հետ է: Թող նա հանգչի խաղաղությամբ և թող ոչ ոք չհետևի նրա օրինակին: Զավակս։ Ես քեզ շատ եմ սիրում։ Խնդրում եմ` խաղաղ եղիր»,– գրում է նա։

2018թ–ին երգչուհի Շինեդ Օ'Քոնորը դավանափոխ էր եղել և իսլամ ընդունել: Նա ընդունել էր Շահուդա իսլամական անունը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «մարտիրոս»:
Օ'Քոնորին ճանաչում էր բերել 1980-ականներին թողարկված «The Lion and the Cobra» ձայնասկավառակը: Իսկ համաշխարհային ճանաչման էր հասել 1990 թվականին «Nothing Compares 2 U» երգի շնորհիվ:
Հիշեցնենք` 2015 թվականին Օ'Քոնորը Facebook-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել։