ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ հայտնի չէ։ Կազմակերպիչը Հայաստանն է», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակապի ձևաչափով: Պուտինը հավանություն է տվել ղազախստանցի գործընկերոջ առաջարկին։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։