ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրանի իշխանությունն այսօր նոր պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացիների նկատմամբ, որոնք մասնակցել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ գործողությանը։ Տեղեկությունը հայտնում է Իրանի արտգործնախարարությունը` նշելով, որ նրանց թվում են նաև Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը։
«Պատժամիջոցների ցուցակում ներառված անձինք մասնակցել են որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաև Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության ղեկավարմանը կամ իրականացմանը», - ասված է Իրանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
2020 թ.–ի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։ 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր։