ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Որպես Covid-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնը հայտնում է, որ պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը շրջանառվում է աշխարհի մի շարք երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավել երկրներում։
ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականների տվյալներով՝ «օմիկրոնը» կարող է ավելի թեթև ընթացք ունենալ, քանի որ ավելի քիչ է ազդում թոքերի վրա։ «Օմիկրոնի» ախտահարման հիմնական գոտին քիթ–կոկորդն է ու վերին շնչուղիները։