Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները

ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները նամակներ են ստացել չարագործներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Անհայտ անձինք հայտարարել են, որ կպայթեցնեն ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները և պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Երեկ ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին սպառնալիքով նամակներ են ուղարկվել, որ կպայթեցնեն դեսպանատները։ Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել այդ երկրների զորախմբերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ դեսպանատների շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել։ Հակաահաբեկչական բնույթի միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեսպանատան պահպանության ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։