ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Տոկաևը հրամայել է կրակ բացել ահաբեկիչների վրա

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանում հարձակումներին մասնակցել է 20 հազար ահաբեկիչ, որոնց դեմ հատուկ գործողություն է իրականացվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը հրամայել է ահաբեկիչների ուղղությամբ կրակ բացել՝ առանց նախազգուշացման։
«Հանցագործներին պետք է ոչնչացնել, և դա կարվի մոտ ժամանակներս»,- ուղերձի ժամանակ ասել է Տոկաևը:
Նրա խոսքով՝ Ղազախստանը գործ ունի օտարերկրյա հանցագործների հետ, ընդհանուր առամամբ հարձակումներին մասնակցել է 20 հազար ահաբեկիչ։
Նախագահի աշխատակազմից պատմել են` ինչ են անում ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում
Տոկաևն ընդգծել է, որ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչու է պետությունը աչքաթող արել գրոհայինների բջիջներում ահաբեկչական գործողությունների ընդհատակյա նախապատրաստումը:
Ընդ որում Տոկաևը նշել է, որ քաղաքացիների այն պահանջները, որոնք արտահայտվել են խաղաղ ձևերով, լսելի են եղել:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարների ցուցաբերած աջակցության համար:
«Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նա արագ և բարեկամաբար արձագանքեց օգնության իմ խնդրանքին»,-ասել է Տոկաևը:
Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը
Տոկաևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արտասահմանում կողմերին կոչ է արվում բանակցություններ վարել խնդիրների խաղաղ լուծման համար:
«Ինչ հիմարություն, ինչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ղազախստանում ահաբեկչական վտանգի «կարմիր»՝ բարձրագույն մակարդակ է հայտարարվել
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 70 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։