ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Պակիստանը հրաժարվել է 1.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով T129 ATAK հարվածային ուղղաթիռների խմբաքանակ գնել Թուրքիայից: Տեղեկությունը հայտնում է թուրքական Duvar թերթը։
Այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռայինհամալիրներ է գնել, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Անկարայի պաշտպանական մատակարարումների համար։ Մասնավորապես, դադարեցվել է շարժիչների մատակարարումը, որոնք օգտագործվում էին թուրքական ուղղաթիռներում։
Թուրքական կողմը մատակարարման ժամկետի հետաձգում էր խնդրել դեռ մեկ տարի առաջ, սակայն այդ ընթացքում չէր կարողացել այլ մատակարարների գտնել։
Թուրքական ուղղաթիռների փոխարեն Պակիստանը կգնի չինական WZ-10-ը։
Ինչպես նշում է «Կարմիր գարուն» լրատվական գործակալությունը, T129 ATAK ուղղաթիռն իրականում թուրքական մշակում չէ։ Այն ստեղծվել է Agusta A129 Mangusta իտալական մոդելի հիման վրա: Ուղղաթիռի վրա կարող են տեղակայվել ինչպես սովորական, այնպես էլ զենիթային հրթիռներ (օգտագործվում են ամերիկյան «Սթինգերներ»)։ Թուրքիայի զինված ուժերում ավելի քան 50 նման ուղղաթիռներ կան։