Նկարներ նոր իրականությունում. «թվանկարիչ» Ռուդոլֆ Բարսիկյանը Հայաստանում է

Հայկական արմատներով ֆրանսիացի նկարիչ Ռուդոլֆ Բարսիկյանն արդեն տարիներ շարունակ թվային նկարներ է ստեղծում, իսկ մի քանի տարի առաջ «բռնել» է նոր ծնվող թրենդը և սկսել է ստեղծել «թոքեններով»՝ եզակի թվային հավաստագրերով նկարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik, Արամ Գարեգինյան։ Նկարները կարելի է ոչ միայն վիրտուալ նկարել, այլև վիրտուալ վաճառել։ Նկարիչներին այդպիսի հնարավորություն են առաջարկում բլոքչեյնի վրա հիմնված տեխնոլոգիաները։ Դրա սկզբունքը (տեղեկատվության անջատ, ապակենտրոնացված պահպանում) օգտագործվում է կրիպտոարժույթներում, ինչի շնորհիվ դրանք անհնար է կեղծել, համենայն դեպս՝ մինչև օր նման դեպքեր հայտնի չեն։ Հեռանկարում նույն սկզբունքը կարելի է օգտագործել, օրինակ, էլեկտրոնային փաստաթղթերի վերահաստատման համար։
Արվեստի աշխարհում բլոքչեյնի միջոցով ցանկանում են պաշտպանել նկարների հեղինակային իրավունքը։ Եթե նկարիչն այն վաճառում է կոլեկցիոներին կամ թանգարանին, նկարին կցված է թոքեն՝ թվային հավաստագիր այն մասին, որ այն գոյություն ունի միայն մեկ օրինակով։ Այդպիսի թոքենները ստացել են NFT անվանումը (non-fungible tokens կամ ոչ փոխադարձ փոխարինելի թոքեններ)։
Հայտնի պարուսույցներն ու նկարիչը Երևանում հուշատախտակներ կունենան
Տեսականորեն NFT կարելի է պատրաստել ցանկացած ապրանքի համար՝ ոչ միայն գեղանկարի, այլև, օրինակ, սովորական մատիտանկարի համար (կարևորը, որ այն ինքնուրույն ստեղծած լինեք, ոչ թե համացանցից վերցրած)։ Աշխարհում արդեն մի քանի հարթակ է հայտնվել, որտեղ ցուցադրվում են NFT-ները (OpenSea, Rarible և այլն), ընդ որում՝ ոչ միայն նկարներ, այլև անմիացիա և երաժշտություն։
Ճիշտ է, կերպարվեստի սրահներում և առավել ևս գեղարվեստի դպրոցներում NFT-նկարները որպես արվեստ չեն ընկալում, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ֆրանսահայ նկարիչ Ռուդոլֆ Բարսիկյանը, որը Երևանում ներկայացրել է իր աշխատանքների Vie Digitale («Թվային կյանք») ցուցահանդեսը։
Նրա սիրելի նկարիչները Ֆրենսիս Բեկոնն ու Ջեքսոն Փոլոքն են, որոնք հայտնի են գեղանկարչության իռացիոնալ ընկալմամբ (չնայած, նայելով Բարսիկյանի որոշ նկարների, որոնք ֆուտուրիստական ճարտարապետական գծագրեր են հիշեցնում, դժվար է դրան հավատալ)։
«Հո ամեն քաղաք Աշտարակի պես հին կամուրջ չունի»․ նկարչի գեղանկարները՝ չարտագաղթելու կոչ
Ցուցահանդեսը նրա համար առաջինն էր Հայաստանում, բայց հույս ունի, որ վերջինը չէր։
«Այս տեխնոլոգիան բոլորին հանկարծակիի բերեց, պետք է նշել, որ նկարիչներին՝ նույնպես։ Վերջերս ես սեմինարի էի մասնակցում նկարների և լուսանկարների «թոքենիզացիայի» թեմայով, և իմ ընկերներից ու գործընկերներից շատերը չգիտեին, թե դա ինչ է։ Բայց Պոլ Արդենը, որը ժամանակակից արվեստի հայտնի քննադատ է Ֆրանսիայում, արդարացիորեն նշում է, որ այդ տեխնոլոգիան կարող է փոխել մեր կյանքը, և ոչ միայն արվեստում»,-ասում է Բարսիկյանը։
Ի լրումն ամենի, նոր տեխնոլոգիան թույլ է տալիս պաշտպանել հեղինակային իրավունքները։ Մինչ այդ համացանցում գրեթե անհնար էր նկարներ վաճառել։ Անգամ եթե նկարը թվայնացված էր, ոչ ոք չգիտեր, թե քանի օրինակ կա և ում մոտ են դրանք։ Իսկ հիմա NFT-հավաստագիրը հաստատում է նկարի եզակիությունը։
Հայաստանում է նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը. նա փորձագիտական եզրակացություն կհայտնի
Գլխավորն այն է, որ թվայնացումը չբովանդակազրկի նկարչի երևակայությունն ու զգացմունքները, ասում է Բարսիկյանը։
«Իհարկե, ես չեմ դադարել ձեռքով նկարել։ Այդպես էսքիզներն եմ անում, երբ ուզում եմ որոշել ապագա աշխատանքի կառուցվածքն ու ծավալը»,-ասում է Բարսիկյանը։
Նա որոշել է NFT-թոքենները ծանոթացնել Հայաստանի իր գործընկերներին և պատրաստ է մանրամասն պատմել նրանց, թե դա ինչ է։
Բարսիկյանը չի մոռացել նաև նրանց, ովքեր առայժմ միայն երազում են նկարչի մասնագիտության մասին․ Երևանի դպրոցներից մեկում նա թվային գրաֆիկայի դաս է անցկացրել։
Տիտղոսավոր նկարիչը հայացքով նկարներ է ստեղծում. տեսանյութ
«Հայաստանում առաջին իսկ օրերից ես հիանալի մարդկանց եմ հանդիպում։ Երեխաներն այդ հանդիպումներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ Ճիշտ է, ես ինքս չհամարձակվեցի դաս անցկացնել՝ ես ուսուցիչ չեմ, ինձ օգնում էր նկարչության ուսուցչուհին։ Ավելի ճիշտ՝ ես էի նրան օգնում»,-ժպտում է նա։
«Ես հասկանում եմ, թե որքան բարդ ժամանակ եմ եկել այստեղ և ուզում եմ հասկանալ, թե էլ ինչ կարող եմ անել Հայաստանի համար»,-ասում է Բարսիկյանը։
Նկարիչը հայկական ընտանիքում է մեծացել, նրա հայրը, որը նույնպես վերջերս այցելել է Հայաստան, արևմտահայերեն է խոսում։ Բարսիկյանն ինքը առայժմ միայն մի քանի բառ է հասցրել սովորել, սակայն երեխաների հետ աշխույժ շփմանը դա բոլորովին չի խանգարել։