ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահի աշխատակազմը Sputnik Ղազախստանին պատմել է երկրում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների մասին։
«ՀԱՊԿ զինվորականները ռազմական գործողություններին չեն մասնակցում, ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը,– խաղաղապահները կիրականացնեն պաշտպանության ու անվտանգության գործառույթներ»։
Նրա խոսքով՝ հունվարի 6-ին ՀԱՊԿ զորախումբն Ալմաթիում պաշտպանության նախարարության ու «Արիստան», «Առլան», «Բերկուտ» ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են փողոցների մաքրման ու ազատման աշխատանքներ։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։
Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում 70 զինծառայող կա Հայաստանից։