ՄԱԿ-ը Ղազախստանում կողմերին զսպվածության կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ բողոքի ակցիաները պետք է խաղաղ բնույթ կրեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում, բռնությունն ու սպանությունն անընդունելի է։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ղազախստանում տիրող իրավիճակին և կոչ ենք անում բոլոր ներգրավված անձանց զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ բռնությունից և խաղաղ միջոցներն օգտագործել իրավիճակը կարգավորելու համար», - ասել է Դյուժարիկը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բռնության դադարեցման կարևորությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պետք է խաղաղ ցույցեր անցկացնեն։
«Ցանկացած իրավիճակում հասարակական կարգը վերականգնելիս անհրաժեշտ է պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային չափանիշները»,- հավելել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։