ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Հայաստանը 100 խաղաղապահ է ուղարկել Ղազախստան. ՊՆ–ն լուսանկարներ է հրապարակել

Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում` բաղկացած 100 զինծառայողից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
«Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)»,– ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Նախարարությունը նաև հայտնում է, որ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։