Ղազախստան գործուղումը ՀԱՊԿ հավաքական ուժերին տրված առաջին մարտական առաջադրանքն է։ Այն կատարելու է հավաքական պայմանագրի մասնակից հինգ բանակների էլիտան (շուրջ երկուսուկես հազար զինծառայող), սակայն առաքելության իրականացման հիմնական բեռը, ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի ուսերին է:
Ինչո՞վ կարող է օգնել Հայաստանը, բացի նրանից, որ այսօր պայմանագրի մասնակից վեց երկրների հավաքական անվտանգության խորհուրդը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, որը հունվարի լույս 6-ի գիշերն աշխարհին հայտարարեց Ղազախստանին օգնություն ցուցաբերելու որոշման մասին:
Հայաստանն իրադարձությունների վայր է ուղարկել հարյուր զինծառայողից բաղկացած համեմատաբար ոչ մեծ, բայց լավ պատրաստված ստորաբաժանում, որը պետք է ապահովի, ինչպես ընդունված է ասել, «ռազմավարական նշանակության օբյեկտների» պահպանությունը։ Թե ինչ է դա նշանակում գործնականում, պարզ կդառնա տեղում հրամանի հրապարակումից հետո, բայց ինչ էլ լինի, գլխավոր հարցը՝ արդյո՞ք նրանք ստիպված կլինեն կրակել մարդկանց վրա։
Դեպքերի ընթացքը կարող է տարբեր լինել։ Ամենատհաճը, որից շատ կուզենայի, որ խուսափենք՝ պահպանվող օբյեկտի վրա զինված հարձակումն է, և այդ դեպքում հակազդեցությունը պետք է հավասար լինի ազդեցությանը։ Այլ ճանապարհ չկա։ Ուժերը, թեև խաղաղապահ են և խաղաղության նշան ունեն համազգեստին, բայց նաև մարտական զենք են կրում։
Այո, ՀԱՊԿ-ն առաջին հերթին քաղաքական օրգան է, սակայն դրա օպերատիվ կառավարումը զինվորականներն են իրականացնում։ Տվյալ դեպքում՝ Բաքվի համաբանակային հրամանատարական ուսումնարանի, այնուհետև՝ Բելառուսի ռազմական ակադեմիայի և վերջապես Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի շրջանավարտ, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ միացյալ շտաբը գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Ծառայել է Օդեսայի, Թուրքմենստանի, Հեռավորարևելյան (էլի կան) և, ինչը մեզ հատկապես մոտ է, Անդրկովկասյան ռազմական շրջաններում։ Էլ չենք խոսում Աֆղանստանի ու Չեչնիայի մասին։
Աֆղանստանի մասին՝ ավելի մանրամասն։ Բանն այն է, որ Հայաստանի խաղաղապահ ուժերի առաջին մարտական մկրտությունը տեղի է ունեցել հենց Աֆղանստանում, ստեղծման տարում՝ 2010 թվականին։ Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ISAF) կազմում հայ խաղաղապահներն ուղարկվել են Մազարի Շարիֆ, «Mike Spann» առաջնագծի օպերատիվ բազա, ծառայել են անցակետում և պահպանել ավիաբազային հարող տարածքը: Հարյուր երեսուներեք հայ զինվորականները գերազանց են կատարել իրենց առաջադրանքը։
Բայց այստեղ մի նրբություն կա։ Բանն այն է, որ այն ժամանակ հայկական զորախումբը գործում էր ՆԱՏՕ-ի գլխավորած անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում, գերմանացի զինվորականների հետ ձեռք ձեռքի։ Դա օգտակար էր, քանի որ հայկական զորախմբի պատրաստման և տեխնիկական ապահովման բոլոր ծախսերը ստանձնել էր Գերմանիան: Հայ զինծառայողները փոխանցվել էին ISAF-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության ենթակայությանը, ծառայում էին հսկիչ անցակետերում և պարեկություն էին իրականացնում տեղանքում։
2014 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Աֆղանստանում «Ազատության պահապան» գործողությունը (ամերիկացիների անփառունակ հեռացումից հետո ծաղրի պես է հնչում) ավարտվել է, այնուամենայնիվ, երկրում մարտական գործողությունները շարունակվեցին, օտարերկրյա զորքերը մնացին, թեև զորքերի ընդհանուր թվաքանակը, այդ թվում՝ Հայաստանից գնացած զինվորականներինը, նկատելիորեն կրճատվեց։
Ղազախստանում հայերի այսօրվա ներկայությունը՝ ազգային բանակի համազգեստով, բոլորովին այլ է։ Հայաստանի խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնելու են մի երկրում, որը մեզ ոչ միայն լավ ծանոթ է, այլև հարազատ է։
Այսօր Ղազախստանում մինչև քսանհինգ հազար հայ է ապրում (ամենից շատ՝ Կարագանդայում, Պավլոդարում, Ալմաթիում), երկրում գործում է մի քանի կիրակնօրյա դպրոց, գործում է «Նաիրի» մշակութային կենտրոնների ասոցիացիան, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ.-ի օգոստոսին:
Երկու երկրներն էլ ակտիվորեն անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը, ընդգրկված են բազմաթիվ միջազգային կառույցներում։ Ճիշտ է, հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացավ ղազախների քաղաքական ակսակալ Նուրսուլթան Նազարբաևի բացահայտ ադրբեջանամետ ժեստերից և հայտարարություններից հետո, բայց, ըստ ամենայնի, նրա խոսքերի նշանակությունն ու քաղաքական ազդեցության հնարավորությունն արդեն ի չիք են դարձել։
...Թե հայ խաղաղապահները որքան կմնան Ղազախստանում, կախված է նրանից, թե ՀԱՊԿ-ի խաղաղապահները որքան արագ և բարեհաջող կլուծեն իրենց առաջադրանքը։ Ինչպես նաև Ղազախստանի ղեկավարության որոշումից․ոչ ոք չի պատրաստվում նրանց կամքին հակառակ այնտեղ զորք պահել։ Շրջանառվում է «կարճատև ժամանակահատված» արտահայտությունը։ Բայց այս դեպքում՝ նայած ինչպես կստացվի։
Բացի այդ, ինչպես հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում ստիպված լինեն ուժեղացնել խմբավորումը Ղազախստանում։ Արդյո՞ք դա կվերաբերի խաղաղապահների հայկական հատվածին, առայժմ հայտնի չէ։