ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը: Այդ կապակցությամբ Ղազախստանի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ է սահմանվել։
Տոկաևն այսօր առավոտյան հակաահաբեկչական շտաբի նիստ է անցկացրել նախագահի վարչակազմի ղեկավարության, անվտանգության խորհրդի, ուժային կառույցների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են երկրում օպերատիվ իրավիճակը, հակաահաբեկչական գործողության ընթացքը, տարածաշրջաններում տիրող իրավիճակը:
«Ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին։ Այդ պատճառով հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակել մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։
Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում 70 զինծառայող կա Հայաստանից։