ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Դավութօղլուն վշտացած է. Ղազախստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը

Ահմեդ Դավութօղլու
«Զրո խնդիրներ հարևանների հետ» տխրահռչակ և աղետալի հայեցակարգի հեղինակը շեշտել է, որ Ղազախստանը թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախկին վարչապետին դուր չի եկել, որ ՀԱՊԿ-ը օգնության է շտապել Ղազախստանին, հատկապես որ կազմակերպությունը ներկա պահին նախագահում է Հայաստանը։
Twitter–ում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Նրա խոսքով` թյուրքական աշխարհի կենտրոնական երկրի՝ Ղազախստանի ղեկավարության նման որոշումն անընդունելի է։
«Ես խորապես վշտացած եմ բարեկամ և եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում, տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Մտահոգիչ է նաև այն, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը նախագահում է Հայաստանը»,- գրել է «Զրո խնդիրներ հարևանների հետ» տխրահռչակ և աղետալի հայեցակարգի հեղինակը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 70 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։