ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Բաքվի բռնապետը՝ ի դեմս Նուրսուլթան Նազարբաևի, կորցնում է ՀԱՊԿ-ում իր լավագույն հովանավորին: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղազախստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։
Ոչ պաշտոնական, հանրային և լրատվական խողովակներով Ադրբեջանը հասցրել է իր դժգոհությունն արտահայտել Ղազախստանում ընթացող զարգացումներում ՀԱՊԿ-ի միջամտության վերաբերյալ։
«Ադրբեջանն իրեն համարում է այս ամենից դուրս վիճակում։ Պաշտոնական Բաքուն պետք է արագ (այժմ դա անում են) վերանայի իր քաղաքականությունը Ղազախստանի հետ», - նշեց նախկին դեսպանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում շատ լավ են հասկանում, որ իրենք կարևոր գործընթացներից դուրս են մնում։ Ադրբեջանում խնդիր ունեն ոչ մի դեպքում չկորցնել Ղազախստանը։
Նույն մարտահրավերի առաջ է կանգնած նաև Թուրքիան։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: