ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքն առաջացել է ոչ թե մարդուց, ինչպես նախկինում էր ենթադրվում, այլ մկներից։
Ինչպես հաղորդում է «Իզվեստիա» թերթը, մասնագետների հետազոտությունը հրապարակվել է Journal of Genetics and Genomics գիտական ամսագրում:
Գիտնականների կարծիքով՝ կրծողներն ի սկզբանե մարդուց վարակվել են COVID-19-ով ։ Ենթադրաբար դրանից հետո մոտ մեկ տարվա ընթացքում մկների օրգանիզմում վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ Արդյունքում առաջացել է նոր «օմիկրոնը», որով արդեն մարդիկ են վարակվել են։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» մանրէահիմքը շրջանառվում է աշխարհի մի շարք երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավել երկրներում։
ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականների տվյալներով՝ «օմիկրոնը» կարող է ավելի թեթև ընթացք ունենալ, քանի որ ավելի քիչ է ազդում թոքերի վրա։ «Օմիկրոնի» ախտահարման հիմնական գոտին քիթ–կոկորդն է ու վերին շնչուղիները։