ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ գործի են դրվել ցույց տալու համար՝ ինչպես պետք է աշխատեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- նշել է Գրիգորյանը:
Նա հավելել է, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկություններ կտրամադրի Հայաստանից մեկնած զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։