ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Հայաստանի վարչապետը, որն այժմ գլխավորում է Հավաքական անվտանգության խորհուրդը, քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու խորհրդի որոշման իրականացման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ խաղաղապահների հիմնական խնդիրը պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունն է ու իրադրության կայունացման գործում Ղազախստանի իրավապահ ուժերին աջակցելը։
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: