ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ քարտուղարությունը օգնության դիմում է ստացել Ղազախստանից։ Այս իրավիճակը դիտարկվում է որպես արտերկրից պատրաստված ավազակային կազմավորումների ներխուժում։
«Ղազախական կողմը խորհրդակցություններ է անցկացրել ՀԱՊԿ խորհրդի անդամների հետ և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել Ղազախստանի Հանրապետությանը ռազմական օգնություն ցուցաբերել», - նշեց Զայնետդինովը։
Նա հայտնեց, որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով սահմանափակ ժամկետով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն։
Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական ու ռազմական օբյեկտները, նպաստելու են կայունության հաստատմանը։
Հայտնի է, որ Ռուսաստանից մեկնած զորախմբում ներառված են օդադեսանտային ուժերը։
Sputnik Արմենիան ճշտում է, թե ՀԱՊԿ զորախմբի կազմում որքան հայ զինվորականներ են ուղարկվում Ղազախստան։
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: