Ղազախստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է ու հորդորում

ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել մարդաշատ վայրերից։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ղազախստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում։
Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (23:00-ից մինչև 07:00):
«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ինչո՞ւ Հայաստանը չի կարող չներքաշվել ղազախական իրադարձություններում. մասնագետների կարծիքը
Նշենք, որ ավելի վաղ Ղրղզստանը սկսել էր իր քաղաքացիներին տարհանել Ղազախստանից։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։