ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. «Ալմաթի» հեռուստաընկերության նկարահանող խմբի վարորդը սպանվել է կրակոցներից Ալմաթիի նախագահական նստավայրի մոտ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով МИР24-ին։
Հեռուստաընկերության տելերամյան ալիքում նշվում է, որ տուժել է նաև 1 լրագրող։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Վերջին տվյալներով, զոհվել է 18 իրավապահ, կան հարյուրավոր վիրավորներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։