Երևան–Ակտաու չվերթը չեղարկվել է

«Զվարթնոց» օդանավակայան
Ավելի վաղ չեղարկվել էր Ակտաու–Երևան գիշերային չվերթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երևան–Ակտաու չվերթը, որը նախատեսված էր այսօր երեկոյան, չեղարկվել է։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի կայքում։
Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։
SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18.10–ին։ Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու– Երևան գիշերային չվերթը։
Հայաստանը շուրջ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: