«Անհանգստությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին». ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունը` համոզված լինելով, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,– նշում է գերատեսչությունը։
Ղրղզստանի նախագահը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Ավելի ուշ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ երկրում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարաները փորձել են գրոհել ոստիկանության շենքը, և տասնյակ մարդիկ են սպանվել։