ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ալմաթիում բողոքի ակցիաների ընթացքում Գործարարների ազգային կենտրոնը 87 զանգ է ստացել ֆիտնես ակումբների, ռեստորանների, խանութների և գրավատների վրա հարձակվելու մասին: Ինչպես փոխանցում է «Խաբար 24» հեռուսատաալիքը, այդ մասին հայտնել է քաղաքի պարետատունը։
Գործարարներին կոչ են արել լուսանկարել և տեսանկարահանել վանդալիզմի փաստերը։
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: