«Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել». Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահը մաղթում է, որ բոլորի սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն: Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, ընտանիքի հանդեպ, օջախի հանդեպ, հայրենիքի հանդեպ: Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ»,– գրել է ՀՀ նախագահը:
Նա բոլորին մաղթել է առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Քրիստոսի ծնունդը։ Տոնը սկսվում է հունվարի 5-ին, երեկոյան 17։00-ից և շարունակվում է մինչև հաջորդ երեկո։