ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մի քաղաքացու նկատմամբ, որը ներկայացել է որպես արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Էհսան Զախիդովին:
Ավելի վաղ Թուրքիայի Մարմարիսի մունիցիպալիտետի նախագահ Մեհմեթ Օքթայը սոցիալական ցանցում Ռասիմ Ահմեդլիի հետ լուսանկար էր հրապարակել` նշելով, որ վերջինս Ադրբեջանի ԱԻՆ գնդապետ է, 2021 թվականի օգոստոսին Թուրքիայում գրանցված հրդեհների ժամանակ Մարմարիսում պայքարել է տարերային աղետի դեմ: Օքթայը նաև լուսանկար էր հրապարակել, որում կեղծ գնդապետին պատվավոր դիպլոմ էին հանձնում խիզախության համար։
«Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ահմեդլիի նկատմամբմիջազգային հետախուզում է հայտարարվել«խարդախություն» հոդվածով։ Իրականում նա Ադրբեջանի ԱԻՆ աշխատակից չէ։ Նա ավելի վաղ ազատազրկման է դատապարտվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով... Այս պահին արդեն պարզվել է Ահմեդլիի գտնվելու վայրը, իրականացվում են նրան ձերբակալելու միջոցառումներ», - նշել է Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հետաքննություն էին անցկացրել և պարզել, որ ոչ մի աղբյուրում տեղեկություն չկա Ռասիմ Ահմեդլի անունով գնդապետի մասին: