ՀՀ կառավարության կողմից թուրքական ապրանքների էմբարգոյի չեղարկումը համարժեք չէ առկա իրողություններին։ Այսպես է կարծում տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշում է, որ հարցն ունի տարբեր շերտեր. Նախ, եթե նայենք զուտ տնտեսական տեսանկյունից, ապա գոյություն ունի մոտեցում, ըստ որի` առևտուրը պետք է լինի երկուստեք, մինչդեռ մենք տարիներ շարունակ ունեցել ենք ձևախեղված իրականություն և միայն ներմուծել ենք թուրքական ապրենքներ` արտահանելով գրեթե ոչինչ։
Քթոյանի կարծիքով` եթե նման իրավիճակը շարունակվում է, ապա անհարժեշտ է համարժեք քայլեր ձեռնարկել, և այդ առումով թուրքական ապրանքների արգելքն իրավիճակի տրամաբանական արձագանքն էր։
«Արգելքի չեղարկումից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, հետևաբար սա գործոն է արգելքն ուժի մեջ թողնելու օգտին։ Կան ոլորտներ, որտեղ հայրենական արտադրողների համար թուրքական ապրանքների ներմուծման արգելքն ազդակ հանդիսացավ տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ Հետևաբար նման որոշումները պետք է կայացվեն երկարաժամկետ կտրվածքով։ Ստացվեց, որ հայ տնտեսվարողներն աշխուժացան թուրքական ապրանքը հայկականով փոխարինելու համար, բայց մեկ տարի հետո արգելքը հանվեց։ Մինչդեռ տեղի արտադրողներն այնքան կարող չեն, որ մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների համեմատ մրցունակ արտադրանք թողարկեն»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանի դիտարկմամբ` թուրքական ներմուծումն էժանացած լիրայի ֆոնին շատ ավելի շահավետ կլինի Թուրքիայի, այլ ոչ թե Հայաստանի համար, քանի որ թուրքական ապրանքներն ինչպես մեծ հաջողությամբ մրցակցում էին հայկական շուկայում, հիմա ավելի մեծ հաջողությամբ կզբաղեցնեն իրենց տեղը, և մեր արտադրողները կհայտնվեն կրկնակի ոչ շահեկան վիճակում։
Տնտեսագետի գնահատմամբ` տվյալ հարցում կան նաև ոչ տնտեսական գործոններ, որոնք կապված են 44-օրյա պատերազմի հետ, և պատահական չէ, որ էմբարգոյի որոշման մեջ դրված էր նաև ազգային արժանապատվության բաղադրիչը։ Հետևաբար թուրքական ապրանքների ներմուծման արգելքի չեղարկումը հակադարձ ազդակներ է հաղորդում հասարակությանը։ Քթոյանի համոզմամբ` որոշումն ավելի շատ բացասական ուղերձներ է պարունակում, քան դրական։
Նշենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը որոշել է չեղարկել թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։
Հիշեցնենք` Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք էր սահմանել 2020թ–ի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցել էր Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սկսած ագրեսիայի մեջ։
Մինչ այդ Հայաստանը Թուրքիայից ներմուծում էր տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք։