Հունվարի 24-ից կսահմանափակվի չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային տարածքներ

QR կոդ
Հանրային բոլոր վայրեր մուտք գործել հնարավոր կլինի հեռախոսային հավելվածների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հանրային որոշակի վայրեր չպատվաստված քաղաքացիների մուտքն արգելող հրաման կլինի, որը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի օրը` հունվարի 10–ին։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հանրային սննդի, ինչպես նաև մշակույթին վայրեր` համերգներ, թատրոններ այցելելիս ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ ՊՇՌ բացասական թեստի արդյունք` վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ ռապիդ (արագ) թեստի արդյունք` վերջին 24 ժամվա ընթացքում իրականացված։ Երկուշաբթի օրը համապատասխան հրամանը կհրապրակվի և առաջիկա 15 օրվա մեջ ուժի մեջ կմտնի»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիների բոլոր թեստերի ու պատվաստումների մասին տեղեկատվությունը հասանելի է հեռախոսային հավելվածների միջոցով, ուստի դրանք ներկայացնելով` հնարավոր կլինի ազատ մուտք գործել հանրային բոլոր վայրեր։
129 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։