ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստան պատվիրակություն է մեկնում` մասնակցելու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին, տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։
10 անձից բաղկացած պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության փոխնախարար, միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Կարեն Բրուտյանը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Սերգեյ Աբրահամյանը, ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Գարիկ Մովսեսյանը, ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի սպառազինության գծով տեղակալ Դավիթ Հարությունյանը և ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության մասնագետ Լիլիթ Հարությունյանը։
Բացի այդ, ՌԴ կմեկնեն նաև ԱԳՆ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնյաներ։
Պատվիրակությունը Ռուսաստանում կլինի հունվարի 24-ից մինչև հունվարի 28-ը։ Իսկ վերադառնալուց հետո պաշտպանության նախարարը պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ինչպես վարչապետի աշխատակազմ, այնպես էլ ԱԳՆ։