ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Վերականգնվելու ու վերակառուցելու համար Հայաստանին նախևառաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար։ Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հարցազրույցների, նա զրուցել էր նաև Սարգսյանի հետ:
«Որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ։ Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»,–ասել է Սարգսյանը։
Հարցին, թե արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար, նա պատասխանել է, որ Հայաստանի նախագահ լինելն իր կյանքի մեծագույն պատիվն է։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»,–հավելել է նա։
Իսկ, ահա, հարցին, թե ինչպե՞ս պետք է վերակառուցել արտաքին ագրեսիայից և ներքին կռիվներից բարոյալքված ազգը, Սարգսյանը պատասխանել է, որ պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց։ Նախագահը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: