ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Բռնակներով տոպրակները, որոնք տալիս են մարդկանց խանութներում, արգելվում են։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած` պոլիէթիլենային տոպրակների վերաբերյալ նոր կարգավումները։
«Խոսքը մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակներիկ մասին է, դա այն բռնակներով տոպրակներն են, որ վաճառքի կետերում մարդկանց տալիս են։ Բացառությունը երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն են, փաթեթավորման համար օգտագործվող տոպրակները»,– ասաց Սիմիդյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց տվյալ օրենքի բնապահպանական նշանակությունը` հավելելով, որ պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակները ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես դուրս մղվեն մեր կյանքից։
«Այդ տոպրակները մարդիկ օգտագործում են 1-2 ժամ, առավելագույնը` 1 օր, որից հետո դրանք հայտնվում են բնության մեջ ու էական վնաս են հասցնում»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հիշեցնելով, որ օրենքի նոր սահմանափակման նկատմամբ վերահսկողությւնը դրվել է ՏԻՄ–երի վրա։
Նշենք, որ Հայաստանը հունվարի 1-ից հրաժարվել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակներից։ Արգելվել է դրանց վաճառքը (իրացումը) առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, ինչպես նաև տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում (բացառությամբ կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների):
50 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելող օրենքն ընդունվել է դեռ 2020 թվականի ապրիլին:
Հիշեցնենք, որ օրական միջին հաշվով մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1 պոլիէթիլենային տոպրակ։ Մեկ ամսում դա կազմում է 30 մլն պոլիէթիլենային տոպրակ։
2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում 44 տնտեսվարող սուբյեկտներ նման ապրանք են արտադրել։ Տարեկան հանրապետությունում արտադրվել է 12 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ, իսկ տնային տնտեսությունների կողմից սպառվում է 3,6-4 հազար տոննա։
Հայտնի է, որ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային փաթեթներն օգտագործվում են միջինը 10-15 րոպե, իսկ բնական միջավայրում դրանց քայքայման համար պահանջվում է 400 տարի։ Միջին հաշվով` ամեն տարի աշխարհում մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում։