Ամերիկացիների համար առաջինը պետության շահն է, մեզ համար՝ կուսակցական և անձնական շահերը

Ոստիկանության և Թրամփի կողմնակիցների բախումը Կապիտոլիումի գրոհի ժամանակ (6 դեկտեմբերի, 2021թ)․ Վաշինգտոն. Արխիվային լուսանկար
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Երբ ուղիղ մեկ տարի առաջ ցուցարարները գրոհեցին ու մտան ամերիկյան Կոնգրես, հայաստանցիներն անմիջապես հիշեցին, որ գոնե այս դեպքում առաջնությունը մեզ է պատկանում՝ Երևանում բողոքավորները գրոհել և խորհրդարան են մտել դեռ 1996 թվականին։ Ընդ որում, երկու դեպքում էլ առիթը նույնն էր՝ նախագահական ընտրություններ, որոնց արդյունքը չէր ընդունել պաշտոնապես պարտված ճանաչված թեկնածուն։
Հայտնի է նաև, որ հանրահավաքների ու երթերի կազմակերպիչները շատ հաճախ կորցնում են վերահսկողությունը, և ցուցարարների գործողությունները պարզապես անկանխատեսելի են դառնում։ Այդպես եղավ թե՛ 1996 թվականին Երևանում, թե՛ անցած տարի Վաշինգտոնում։ Մեզ մոտ ծեծի ենթարկվեցին խորհրդարանի ղեկավարները, իսկ ԱՄՆ–ում նախագահի կողմնակիցները ճեղքեցին ոստիկանության արգելապատնեշները և ներխուժեցին Կապիտոլիում, թեև դեռևս գործող նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Կոնգրեսը գրոհելու կոչ չէր արել, այլ պարզապես հորդորել էր մարդկանց հավաքվել պառլամենտի շենքի առջև և ցույց տալ, որ իրենք տեր են իրենց քվեներին։

Անկարգությունները Կոնգրեսի միջանցքներում, դահլիճներում և առանձնասենյակներում տևեցին մոտ չորս ժամ։ Նման բան Ամերիկայի պատմության ընթացքում երբեք չէր եղել։ Այդ իրադարձությունների զոհ դարձավ 5 մարդ, ավելի քան 50 մարդ վիրավորվեց։ Ի դեպ, մինչև այժմ էլ ստույգ հայտնի չէ, թե քանի ցուցարար էր մասնակցում Կոնգրեսի աննախադեպ գրոհին։ Պատճառը շատ հստակ է՝ Ամերիկայում հանրահավաքների և այլ զանգվածային միջոցառումների մասնակիցների թիվը սովորաբար որոշում են վերևից արված լուսանկարների օգնությամբ։

Իսկ Վաշինգտոնում, որտեղ գտնվում են Միացյալ նահանգների գրեթե բոլոր կարևորագույն պետական հաստատությունները, օդից լուսանկարահանում կատարելը խստիվ արգելված է։ Փոխարենը ստույգ հայտնի է իրավապահների թիվը՝ Կապիտոլիումի շենքը պաշտպանում էր, չեք պատկերացնի, 1700 ոստիկան։ Բա ինչո՞ւ չկարողացան ցուցարարների դեմն առնել` հարց են տալիս ամերիկացիները։
Իրավապահների գործողություններն անմիջապես էլ քննության առարկա դարձան։ Ընդ որում, եթե մեր դեպքում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկն անցած տարի կարծիք հայտնեց, թե ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում բողոքի ակցիաների ժամանակ, ապա Ամերիկայում ճիշտ հակառակ հարցն էր հնչեցվում՝ ինչո՞ւ այդքան մեղմ վարվեցին։
Արցախյան թնջուկ, կամ ինչ իմաստ ունի անընդհատ վիճաբանել անցյալի շուրջ, երբ ապագան անորոշ է
Այս հարցադրումն արդարացված է թվում հատկապես այն պատճառով, որ դեռ այն ժամանակ ակնհայտ էր՝ իրավապահներից ոմանք Թրամփի կողմնակիցներն են։ Որոշ ոստիկաններ պարզապես լուռ կանգնած դիտում էին, թե ինչպես են մարդիկ ջարդում պատուհաններն ու մտնում Կոնգրես։ Իրավապահներից մեկը նույնիսկ սելֆի էր արել ցուցարարների հետ հենց Կոնգրեսի նախասրահում։ Իսկ գրող Ռոքսանա Գեյը կարծիք է հայտնել. «Եթե ցուցարարները սևամորթներ լինեին, նրանց դիակներով լցված կլինեին Կապիտոլիումի աստիճանները»։
Եվ վերջապես հառնեց գլխավոր հարցը՝ ո՞վ է պատասխանատու։ Դեմոկրատները միանշանակ պատասխանում էին՝ իհարկե, Դոնալդ Թրամփը, և նշում էին երեք հնարավոր սցենար՝ կա՛մ նա հոժարակամ հրաժարական է տալիս, կա՛մ սկսում ենք իմփիչմենթի գործընթացը, կա՛մ փոխնախագահը՝ վկայակոչելով Սահմանադրության 25-րդ ուղղումը, հայտարարում է, որ Թրամփն այլևս ի վիճակի չէ կատարել նախագահի պարտականությունները, և Մայք Փենսն անմիջապես զբաղեցնում է նրա տեղը Սպիտակ տանը։
Հեղուկ գազն «այրում» է Ղազախստանը. իրադարձությունները` լուսանկարներով
Այս երեք տարբերակներից ոչ մեկն էլ չաշխատեց։ Թրամփը միանգամից հայտարարեց. «Չսպասե՛ք, երբեք հրաժարական չեմ տա»։ Իմփիչմենթի կողմնակիցները շատ շուտ հասկացան, որ զավեշտական իրավիճակ կարող է ստեղծվել, երբ մի քանի օրից Ջո Բայդենը արդեն նստած կլինի Օվալաձև կաբինետում, իսկ Կոնգրեսում դեռ կշարունակվի Դոնալդ Թրամփին պաշտոնազրկելու երկարատև գործընթացը։
Մնում էր երրորդ տարբերակը, բայց դրա կողմնակիցներն էլ վերջապես գիտակցեցին, որ պետությունը դրանից ոչինչ չի շահի, ընդհակառակը՝ կխորանա հանրության պառակտումը։
Հեռու մնացեք քաղաքականությունից, այլապես կմեղադրվեք հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ
Այս առիթով մի հարց տամ էլի՝ ի՞նչ եք կարծում, երբ հիմա Վարդենիսում ոստիկանները թույլ չեն տալիս նորընտիր ավագանու անդամներին ներս մտնել համայնքապետարանի շենք, մեր իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ դա ոչ միայն չի բխում պետության շահերից, այլև խորացնում է հանրության պառակտումը։ Իհարկե, կարելի է արդարացնել և ասել՝ դե ջահել են, անփորձ, շատ բան դեռ չեն հասցրել հասկանալ։ Բայց ինձ, ճիշտն ասած, իրականությանն ավելի մոտ է թվում ավելի ու ավելի հաճախ հնչեցվող մեկ այլ պատասխան՝ շատ լավ էլ գիտակցում են, որ այս ամենը բոլորովին չի բխում պետության և հանրության շահերից, ուղղակի կուսակցական և անձնական շահերը ոմանց համար շատ ավելի կարևոր են։ Համաձայն չե՞ք։