Կառավարությունը որոշել է` Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ընտրություններ
Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

«Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով»,– նշված է որոշման մեջ:

ԿԸՀ–ն պետք է մեկշաբաթյա ժամկետում նշանակի ավագանու ընտրության անցկացման օրը:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ինչպես արդեն հայտնել էինք, Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: