ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) կանխարգելման համար։
Նախարարությունից հիշեցնում են, որ 18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:
Հիշեցնենք` Հայաստանը «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը հավանություն տվեց այս տարվա սեպտեմբերի 6-ին։ «Լիկվոր» ընկերությունը ռուսական կողմից ստացած մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնային ռեժիմի տակ պահպանում:
Դեկտեմբերի 6–ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 90-ով։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ։